"Среда обитания" представляет:
ЕРАЗИК АРУТЮНЯН-КАРАПЕТЯН
г. Краснодар, Краснодарский край
РОДИНА
ՀԱՎԱՏ
Թեկուզ լինի խոր հորի մեջ,
Փակված քառսուն ջաղացքարով,
Թեկուզ՝ ժայռի անդուռ խորքում,
Չար հրեշի շղթայի տակ,
Հոգու երգը այս հայերեն՝
Բարձր կանչով օհանաձայն,
Պոռթկալու է ու վարարի
Պատերազմված արհավիրքից,
Երկրաշարժված երկրի ճեղքից՝
Մի խաչակիր աղոթքի պես
Կամ տուֆակերտ մի խաչքարի,
Երկինք պարզված վանքակերտված մի բողոքի,
Երկնասլաց ու սրբատաշ մի կոթողի
Կամ՝ մատուռի մի ամաչկոտ։
Անգամ օտար բույրերի մեջ՝
Հոգեզմայլ և աստղահոտ մի բուրմունքով,
Ամենազոր պարպումների լարված հևքով
Ճեղքելու է ապառաժը՝
Երգն այս հրաշք ու հայերեն։
ՀԱՅՐԵՆԻՔ
Կանգնել է երազի նման -
ԵՎ չկա Նաիրի ուրիշ…
Ե. Չարենց
Օդն այստեղ՝ բույրի պես անուշ,
Հովն այստեղ ծաղկահոտ մի երազ,
Թախիծով, թրթիռով երկչոտ
Փարվում է հմայքով մի թովիչ,
Եվ չկա՜ Հայրենիք ուրիշ…
Թնջուկ ու հանգույցի կեռմանում
Մի չքնաղ տեսիլք է մեկնվում,
Բացվում են ուղիներ շուրջբոլոր՝
Կախարդիչ, հմայիչ, անճանաչ
Եվ չկա՜ Հայրենիք ուրիշ…
Պատրանքի նման դյութական,
Խոհերի նման բազմածալք,
Բազմակերպ, բազմալիք ու անհայտ
Հայտնության հոգսերով անպաճույճ,
Ճանաչման հրճվանքով գեղազարդ…
ԵՎ չկա՜ Նաիրի ուրիշ…
Այս հողն է Նաիրին, այս մարդիկ,
Այս մարդիկ՝ ժպտերես, աջակցող,
Ուշադիր, զգայուն ու սիրող,
Այս հողը՝ իմաստուն ու համեստ,
Բազմասեր, բազմավերք ու բեղուն,
Չէ՛, չկա՜ Նաիրի ուրիշ…
Երազը առօրյա է այստեղ,
Կենցաղը վեպ է և գոյամարտ,
Հեքիաթ է տառապանքն անգամ՝
Բարի է, կամ չար է, կամ լացկան…
Եվ ասք է ամեն կյանք, քանդակ է կամ նկար,
Կամ պար է ոգեղեն,
Կամ երգ է՝ նյութեղեն…
Եվ չկա՜ Հայրենիք ուրիշ…
Պետք էլ չէ Հայրենիք մեզ ուրիշ,
Քիչ այն կողմ ոչի՜նչ է մի դատարկ՝
Ոչ ապրել, ոչ երգել, ոչ սիրել…
Ամենը այստեղ է միայն՝
Հոգևոր, ցանկալի և շռայլ…
Փառքդ շատ, Տե՜ր Աստված երկնավոր,
Որ մեր այս տքնանքում երկրավոր
Տվել ես Հայրենիք մեզ ուրի՜շ…
Եվ եթե նորից ջրհեղեղ լինի,
Եվ նորից փրկվի ոմն մի Նոյ,
Եվ նորից կառուցվի ինչ-որ մի լաստ,
Այն նորից իջնելու է Արարատի գագաթին։
Որովհետև դա պատահական չէր,
Դա մշտահունչ առասպելն է
Ապականված աշխարհի սրբացման,
Հույսի ու ապաշխարանքի…
Կյանքի շրջափուլերի նորացումն է պարբերական՝
Ա՛յս սուրբ հողի վրա,
Ա՛յս սուրբ լեռան պատվանդանով,
Աստվածաշնորհ ա՛յս սուրբ ազգի
Գավազանակրի մենաշնորհով։
ՈՒրիշ ընտրություն չի լինելու…
Պայքարե՛նք տապանի մեջ ունենալիք տեղի համար։
Պայքարե՛նք այդ վերընձյուղման սուրբ իրավունքի համար։
Նոյյան տապանը ամենաիրական հրաշքն է կյանքի,
Ամենադաժան ընտրությունն է աշխարհի,
Ամենաարդարը։ Նոյ լինենք նախ ինքներս մեր հոգում,
Մեր խղճի ու խոհի առաջ,
Ապա և Աստծո…
ԵՐԵՎԱՆ
Սա Երևանն է.
Մեր լույս պապերի երազից պոկված,
Մեր սեգ հայրերի ձեռքով արարված՝
Խիղճն է աշխարհի,
Որ վարդագունած՝
Հույսեր է մանում դարեր շարունակ,
Երազ է մանում Մասսի տեսիլքով։
…Ու հազարները տարիք դարձրած գոյության առջև
Ի՜նչ պիտի զգան ժառանգները իր
Երբ ուրիշները ոմն հարյուրով հպարտ են արդեն։
Սա Երևանն է.
Տիեզերքի հետ ներդաշնակ ու պարզ,
Մարգարեության արահետների հանգրվանը մեծ։
Անկշիռ ու պարզ բոլոր հարցերի պատասխանը վեհ,
Բոլոր մոլորված հեգ պանդուխտների դեղը անվրեպ։
Իր՝ ցերեկը լուրթ, գիշերը կարմիր,
Երկնքից կաթող աստղերից վերև
Շարունակվում է հմայքը նրա՝
Վեհաշուք ու պերճ, գունագեղ ու նուրբ։
Սա Երևանն է.
Պարծանքը հայի, գգվանք մի անծիր։
Ուժն է ավյունի, եռանդ ու թափի,
Սեր ու կախարդանք, կյանք ու հիացում,
Կարոտ ու բաղձանք։
Երգ մի քարացած, վերք՝ սպիացած,
Բերք՝ անափ մտքի, թռիչք մի անսանձ,
Կիրք է ծավալուն, հույզ է բերկրալից,
Ծիծաղ ծովացած, խինդ է խաղաղված,
Շունչ ու կորով է, ապրելու ձգտում…
Ո՞վ է արարել խորհուրդն այս խորունկ՝
Կապուտակ լեռան կապուտակ փեշին,
Կապույտ երկնքի քղանցքից պոկված,
Լույս ու հմայքի, սեր ու հրայրքի բոցը վարդագույն…
Ո՞վ է երազել երազն այս չքնաղ,
Աստվա՞ծ ողորմած, Հա՞յն աստվածացած,
Թե՞ ոգին հայոց, հանճարն անպարփակ…
Սա Երևանն է.
Հարափոխ հեքիաթ,
Որի սկիզբը և վերջը ստույգ չեն անջրպետվում։
Թատրոն մի հոգու,
Ուր դերասան է ամեն քար ու ծառ,
Ուր հավերժության մեղեդիներ են վերաղողանջում
Ամեն օր ու ժամ, ամեն ակնթարթ։
Այստեղ ապրողը տե՜րն է աշխարհի
(ես ոնց եմ ապրում աշխարհից այն կողմ)։
Երևանն է սա,
Որ կա մեր ապրած ամեն օրվա մեջ
Որ կա մեր գրած ամեն երգի մեջ՝
Արվեստի լույսը ու լուսարարը,
Սիրո մեղեդին ու հուշարարը,
Կյանքի կրակն ու նվագավարը։
Նա չափանիշն է մեր ձգտումների,
Երազանքների առևանգողը,
Նպատակների թագուհին է նա,
Մտորումների ավանդապահը։
Չափն է մեր մտքի, սահմանը ձիրքի
Հավերժությու՜նը մեր քարագրված։
Սար ու բլուր, ժայռ ու հարթակ
Շուրջպար բռնած՝
Արևի՜ն են հրավիրում պարահանդես։
Նա՝ ամոթխած թաքնվում է ամպի հետև՝
Չհավաքած շողիկները իր ցան ուցիր։
Ծիկրակում է գաղտագողի,
Հրավառվում իր իսկ մտքից .
Այս աշխարհից լավը չկա,
Այս կտավից գույնզգույնը դեռ չի շոյել նայվածքը իր.
Սարը սարին հենված,
Սարը սարից ելած,
Սարը սարի ունկին շշուկները փռած՝
Ձորերի՜ն է երգում։
Ձորը ձորից ահեղ, կանաչախիտ, շքեղ,
Ձորը ձորից կախված, շղթայված
ՈՒ անվերջ ջրերի՜ն է ձգվում։
Ջուրը ջրից զանգակ,
Ջուրը ջրից պայծառ,
Հավերժախոս, հանդարտ
Խաղիկներ է շրշում…
Պարատո՜ն է այստեղ,
Անտառների հանդես,
Ծաղկախաղի հրճվանք
ԵՎ դարերի քայլվածք՝ վայրկյանների միջով…
ՂԱՐԱԲԱՂԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Այստեղ սարն է թևատարած
Կուրծքը պարզել որպես վահան,
Ապառաժն է մարդահայացք
Փորձում շտկել նախնյաց թերին,
Մարդը միայն կատարող է
Հողի հուշած արարքների։
Այստեղ ժայռերն են սրածայր՝
Երկինք միտած քարե աղոթք,
Խրվում կապույտ մշուշի մեջ,
Որպես ըմբոստ մի ընդվզում
Քիչ բարձրանաս՝
Դեմքիդ առնես շողն արևի,
Մի քիչ իջնես՝
Գրկես ամպի մի պատառիկ։
Գորշ քարայծը՝ ծերպից թռած,
Կորա՜վ վարի անձավներում,
Ոտնաձայնը հատեց, փշրեց
Համրությունը վաղնջական…
Ոտքից պոկված քարից գլոր
Սարսափեցին ձորի չարքերը հինավուրց,
Մութ չարքերը՝
Հին էությամբ ու նոր տեսքով։
Այստեղ արծիվն է անվեհեր
Փռվել մեգի կաթե թևին,
Ձեռքդ մեկնես՝ կբռնես ու կելնես մեջքին։
Իսկ ծառերի ամբոխները՝
Հոծ անտառից տարանջատված,
Ինչոր գաղտնիք են փսփսում՝
Դա՞վ են նյութում,
Թե՞ հրաշք են կանխատեսում։
Բարի քերծի խոնավ կրծքից
Ջուր է ծորում կաթի՜լկաթիլ
Ծարավ ծաղկի նուրբ շրթունքին…
Ուշքդ թեքես՝
Կառնես շունչը նախապապիդ,
Չես հասկանա, չե՜ս ըմբռնի
Մոլեգնումը արյունահոտ մահվան երթի...
Չե՜ս հասկանա ու չես տրվի
Հմայքներով զուգված հողի տառապանքին։
Հողը դողաց…
Թմբիրից ելավ ահեղ ոստյունով,
Աղաղակները մեռան մեծ երազի ծնունդով։
Հուրը այրեց միալար տարիները
Կույտ առ կույտ,
Երկինքները ամպեցին լուսածագի կարոտով։
Շողը սողաց սյունն ի վեր,
Խոյակներին թրթռաց,
Մութ որմերը ծաղկեցին
Դարչնակարմիր բողբոջով
Գմբեթամերձ անուրջներ
Բուրվառեցին հավատով…
Խաչը իջավ խորանին՝
Խաչելու՞, թե՞ փրկելու։
Հույսը խաղաց որձքարե
Կամարների շուրջպարով,
Ժայռապատերն շտկեցին
Իրենց մեջքերը ծռված
Լույսը կաթեց գուռի մեջ՝
Ըմպեցի… Չհագեցա։
Չեմ հասկանում՝ որ ապուշ սատանան է անիծել,
Եվ ինչպե՜ս է Աստված օգնության ձեռքը մեկնել,
Որ դարերի խորքերի ոճիրներում թրծվել
Ու դարերի ճակատին պայծառ իր կերպն է հյուսել։
Ամենատես հայացքով բազմաչարչար իր դեմքից
Ցավ է ծորում …լույսի՜ պես…
Ցավ է կաթել մորմոքող պապիս խրոխտ տանջանքին,
Ցավ է կաթել՝ հույսի պես հորս վճիտ հավատին
Ցավ է թափվում այսօր էլ՝ բոցի նման կրակի,
Իմ դողացող անուրջին ու բալիկիս բռունցքին։
Կոտորակված իմ երկի՛ր, չամբողջացող՛ իմ հեքիաթ,
Այս ե՞րբ պիտի լրանանք։
Մասու՞նքմասունք հայրենի՛ք, բեկո՜րբեկոր իմ երազ,
Որտե՞ղ պիտի վերանանք տառապանքից դարավոր…
…Ու արևի բույր տալով դարակուտակ վշտերին,
Արևանա՜նք դեռ պիտի խաչմերուկում դարերի։
Թե դավերից հուսահատ ու ցավերից ուժասպառ
Հին ազգն իմ սպառվի, վերանա,
Ու չարաղետ բախտին հլու՝ վերջին հայ կինը մնա,
Նա կփարվի Արարատին, հայ կծնի ոսկեմազ,
Սուրբ Մասիսին չեն ընկճի պատերազմ ու երկրաշարժ։
Եվ կամրանա՜ լեռնածնունդ հայի որդին աշխարհում,
Ու կհառնի հանճարածին ոգին՝ լույս ու հրաշքի։
Ու կծնվեն նոր Դավիթներ, նոր «Նարեկներ» կգրվեն,
Ու կսուրան հայկյան նետեր՝ անվրեպ ու նենգասպան։
Կթևածի հայոց երգը ու գեղանքը Արայի,
Եվ նաիրյան նազանքները կպսակվեն դարեդար…
… Դեռ կարևի՜ողջակիզված երազների լույս ճամփան…
Ինչքա՜ն աստղեր ընկան ներքև, դեռ ինչքա՜ն կան վերևում,
Աստղերը շա՜տ, բայց խավարը լոկ արեգակն է ցրում…
Հայաստան…
Ռունգերիս մեջ անուշ դող,
Աչքերումս թացություն մի անկրկնելի,
Հետո՝
Կրծքիս տակ հավատն է ծաղկում
Հայաստան…
Հաճելի սարսուռ,
Գեղանուշ զմայլանք,
Հետո՝ հրճվանք,
Նման ոչ թե
Խարույկի մեջ վառվելու բերկրության
Այլ նրա ցոլքերից շառագունելու մխիթարության
Հայաստան…
Արյան կանչ ու հոգու կարոտ,
Հորդում հույսի հզոր հավատամք։
Արևալույս…
Ի վերջո՝ սեր ու գոյատևման ուժ.
Հայաստան…
Ես կռվել եմ քո բոլոր զինվորների հետ։
Իմ արյունն է թափվել քո ամեն թիզ հողում։
Բայց ես դեռ կամ, քանզի՝
Անվեր՜ջ է քո սերը։
Ես քեզ գտա, երբ դու անցնում էիր փութով,
Ամուր կառչեցի քո պոկվող փեշերից,
Եվ դու դեռ կաս, քանզի՝
Անհու՜ն է մեր սերը։
Բախվող մրրիկների ճամփին զորեղ կանգնած՝
Համոզեցիր միակ ճշմարտությունն անանց։
Ներիր, թե չլինեմ քո ծաղկունքին գունեղ։
Ների՛ր, որ ես դեռ չեմ մեռել քեզ համար։